ԾՆՈՒՆԴԸ ԼԵՌՆԵՐՈՒՄ

Ողջույն։ Հունիսի 27֊ին դասընկերոջս` Գևորգի ծննդյան օրն էր։ Գևորգը որոշել էր ծնունդն անցկացնել ընկերների հետ լեռներում։ Դե ինչ էր մնում մեզ անել, որպես իսկական սեբաստացիներ, որոնք պատրաստեն են ամեն տեսակ ճամփորդությունների ու փորձությունների, իհարկե` ընդունել հրավերն ու ճանապարհ ընկնել։ Դասարանով պայմանավորվեցինք հանդիպել դպրոցի մոտ 7։30։ Բոլորս ուրախ, զվարթ դիմավորեցինք մեր հոբելյարին, շնորհավորեցինք ու շարժվեցինք դեպի Հատիս լեռ։ Բավական երկար ճանապարհ գնալուց հետո հասանք մեր նշանակետին, քսեցինք արևապաշտպան քսուկները, վերցրինք մեզ անհրաժեշտ իրերն ու գիդի ուղեկցությամբ սկսեցինք բարձրանալ դեպի Հատիս։ Ինչ խոսք մեր բռնած ուղին դժվար էր, երբեմն նույնիսկ անհաղթահարելի թվացող, բայց եթե ունես նպատակ, ունես քո առջև դրված խնդիր, ուրեմն առաջ դեպի գագաթ, դեպի 2528մ բարձրություն։ Մի քանի ժամ արևի տապին, քարքարոտ լեռները անտրտունջ հաղթահարելուց հետո մենք արդեն վերևում էինք` Հատիս լեռան գագաթին։ Դա իրոք ուրիշ զգացողություն է, երբ վերևից նայում ես ներքև, դու քեզ զգում ես ազատ, ամեն բան հաղթահարած մի մարդ, որին այլևս ոչ մի դժվարություն անիրագործելի չի թվում։

Մի փոքր հանգստանալուց հետո վերևում նշեցինք Գևի ծնունդը, իսկ ծնունդն իր արտասովոր լինելուց բացի նաև ամենաիսկականներից էր` տորթով, մոմերով ու հրավառությամբ։ Հատիսի գագաթը վայելելուց հետո պետք է հաղթահարեինք լեռն իջնելու դժվարությունը ևս։ Դա էլ քաջաբար հաղթահարեցինք ու երեկոյան արդեն ներքևում էինք,հոգնած,փոշոտ, արևայրուքով, բայց` բավարարված։ Կարծում եմ մենք երբեք չենք մոռանա այս ծնունդն ու մեր իրական  առաջին բարձունքի հաղթահարումը։

Հ.գ. Հայաստանը դեռ ինչքան լեռներ ունի, որ պետք է հաղթահարենք, և տա Աստված մի օր էլ էդպես դասարանով բարձրանանք մեր Արարատ լեռը։